Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

«Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանի հարցազրույցը Factor TV-ին

📢 Սիրելի՛ գործընկերներ


Ձեզ ենք ներկայացնում «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանի հարցազրույցը Factor TV-ին։

✔ Քննարկվել են՝

📌«Արժանապատիվ աշխատանք, հի՛մա» ծրագիրն ու դրա ընթացքը,

📌 Աշխատանքային իրավունքին և ոլորտին վերաբերող հարցեր,

📌 Աշխատողների իրավունքների, աշխատանքի պաշտպանության և այլ խնդիրներ։


երկու տարի ընթացքի մեջ է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրը, որին բացի Ձեր ղեկավարած կազմակերպությունից՝ մասնակցում են նաև «Թրանսփերենսի ինթերնեյշնլ Հաաստանը», «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը», ՀՔԱՎ գրասենյակը։ Ի՞նչ կոնկրետ արդյունքների մասին կարելի է խոսել՝ որպես այս ծրագրի ընթացք։ Ծրագրի մեկնարկից բավական ժամանակ է անցել, և ծրագրի բաղադրիչների մի մասն ընթացքի մեջ է, մի մասն արդեն իրականացվել է։ Մենք ունեինք մարզային դասընթացների շարք, 500-ից ավելի մարդ մասնակցեց աշխատանքային իրավունքի վերաբերյալ դասընթացին, հետո առավել ակտիվները մասնակցեցին եռօրյա աշխատաժողովների։ Պատահական չէ, որ թիրախում մարզերն էին, քանի որ հատկապես մարզերում ավելի շատ են մարդու աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրները։ Մյուսը իրավախորհրդատվության բաղադրիչն է, շատ ինտենսիվ ընթացքի մեջ է․ մեր իրավախորհրդատուները լուրջ աշխատանք են իրականացնում, հետազոտություններ են իրականացվել աշխատանքային իրավուքների հետ կապված։ Հիմա ծրագիրը մարզային քննարկումների փուլում է, այսինքն՝ մարզային շահառուների հետ տարբեր քննարկումներ ենք անում։ Մենք ունեցել ենք 30 դասընթաց, 3 եռօրյա աշխատաժողով, և հիմա արդեն քննարկում, ամփոփում ենք, որպեսզի հետագա գործողությունների մեկնարկը տանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունենալու։ -Այսինքն՝ պրոցեսը շարունակական է։ -Ծրագիրը տևելու է 36 ամիս, դեռ ավելի քան մեկ տարի պետք է շարունակվի, և ծրագրի տարբեր բաղադրիչներ դեռ առաջին պլան չեն եկել։ Անիմացիոն տեսահոլովակները, որոնք Factor TV-ն է պատրաստում, արդեն ցուցադրվում են, հետազոտություն է կատարվում, որը ևս ընթացքի մեջ է, արհմիությունների հետ աշխատանք է տարվում, իրավախորհրդատվությունը շարունակվելու է այս ամբողջ ընթացքում։ Կարող են հանդիպումներ կազմակերպվել, որտեղ անդրադարձ կկատարվի օրվա խնդիրներին, նաև գնահատողական հանդիպումներ կլինեն։ Դեկտեմբերին նախատեսում ենք ունենալ ֆորում, որին, թերևս, կհրավիրվեն նաև Հայաստանում ԵՄ դեսպանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, բովանդակային քննարկում կծավալվի, կամփոփվեն արդյունքները, որպեսզի պարզ լինի, թե հետագայում ի՞նչ կարող ենք անել այս ոլորտը կարգավորելու համար։ -Հատկապես մարզերում սրված է մարդու իրավունքների, մասնավորապես՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցը։ Մարդիկ ի՞նչ խնդիրներ են վեր հանում։ -Թե՛ Երևանում, թե՛ մարզերում սոցիալական խնդիրներից ելնելով՝ մարդիկ հաճախ ուզած-չուզած հարմարվում են գործատուի խաղի կանոններին։ Ինչից են խոսում մարզի բնակիչները․ աշխատանքային պայմանագրերի կամ հրամանագրերի բացակայությունից մինչև աշխատավայրում մարդկային արժանապատվության ոտնահարումը։ Մարզերում, օրինակ, կրթության ոլորտի աշխատողները լրիվ դրույքով չեն աշխատում։ Մարդիկ հաճախ չնչին աշխատավարձի դիմաց կատարում են մեծ ծավալի աշխատանք, այդ թվում՝ դիմանալով չինովնիկների «մուննաթին» ու ապօրինություններին։ Ելնելով դրացիական, ազգակցական մտածողության ձևերից՝ մարդիկ շատ դժվար են գնում բողոքի ճանապարհով։