Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Նոր փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում

Մայիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն` 81 կողմ և 0 դեմ ձայնով, ընդունեց Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները։

⬇️Կատարված հիմնական փոփոխություններն են`


✔️Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալը։ 

✔️Գործատուն կկարողանա կենսաթոշակառուների հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով, ի տարբերություն գործող կարգավորման, որով սահմանվում է, որ այդ անձանց հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով։

✔️Կրճատվել են մինչև 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տևողությունները, միաժամանակ սահմանվել է, որ մինչև 18 տարեկան անձինք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։

✔️Ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները

✔️Վերանայվել են արձակուրդի կարգավորումները՝

եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից, ապա գործատուն այն տրամադրում է առանց աշխատողի դիմումի. 

նախատեսվել է օրենսգրքով սահմանված ժամկետներում ամենամյա արձակուրդը աշխատողին չտրամադրելու դեպքում գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու կարգավորում.

ամրագրվել է, որ կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը.

մինչև 2 տարի ժամկետով ուսումնական արձակուրդ ձևակերպելու հնարավորություն է տրվում՝ աշխատատեղը պահպանելով։

✔️Աշխատանքային պայմանագրում նախատեսվում է պարտադիր ներառել նաև գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները. 

Նախատեսվել է փորձնակության (internship) ինստիտուտը, որը կնպաստի ուսումնական հաստատություններում սովորող կամ այդ հաստատությունները նոր ավարտած (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) անձանց աշխատանքային փորձառություն ձեռք բերելուն։ 

✔️Լրացվել են աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, գործատուն կկարողանա լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե՝

1️⃣աշխատողի կողմից աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու հետևանքով վտանգվել է անձանց կյանքն ու առողջությունը, 

2️⃣աշխատողը անօրինական օգտագործել է գործատուի համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը։

✔️Գործատուին հնարավորություն է տրվում նաև արտաժամյա աշխատանքի ներգրավել առանց բացառիկ դեպքերի առկայության, եթե աշխատողը տվել է իր գրավոր համաձայնությունը։

✔️Աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումները ճկունացվել են՝ պայմանագիրը կարող է լուծվել աշխատանքից ազատվելու մասին դիմումում նշված ժամկետում՝ չպահպանելով Աշխատանքային օրենսգրքով սահմանված նախապես ծանուցման 30-օրյա ժամկետները, իսկ պայմանավորվածությունները չպահպանելու դեպքում գործատուին վճարել տուժանք։

✔️Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է սահմանվել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի համար։ 

✔️Հստակեցվում են վերջնահաշվարկ չկատարելու դեպքերը:

✔️Վերանայվել են ընդմիջումների տրամադրման կարգավորումները։  

✔️Սահմանվել է, որ աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև փոստային եղանակով կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով՝ այն կողմերի միջև փոխանակելով։

✔️Նախատեսվում է չաշխատած օրերի համար վճարված գումարի (երբ աշխատողին տրամադրվել է արձակուրդ չաշխատած ժամանակահատվածի համար ևս) գանձում կատարել նաև այն դեպքերում, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ։

✔️Մեղմացվում են գործադուլ հայտարարելու որոշումը կայացնելուն վերաբերող իրավակարգավորումները, որոնք, ի տարբերություն գործող նորմերի, նախատեսում են ավելի քիչ աշխատողների կամահայտնության դեպքում գործադուլ հայտարարելու հնարավորություն (օրինակ, գործատուի մոտ գործադուլի համար գործող կարգավորումներով պահանջվում է աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի ձայների առկայություն, իսկ առաջարկվող փոփոխություններով առնվազն կեսի ձայների առկայությունը).

✔️Նախագծով վերանայվում են նաև աշխատողների ներկայացուցիչներին վերաբերող կարգավորումները։  

Օրինակ՝ որպես աշխատողների ներկայացուցիչների իրավունք՝ նախատեսվել է ամրագրել նաև աշխատողների իրավունքները խախտող գործատուի և նրա լիազորած անձանց որոշումները և գործողությունները դատական կարգով բողոքարկելու իրավունքը. 

✔️նախատեսվել է որպես գործատուի պարտավորություն սահմանել աշխատողների ներկայացուցիչներին իրենց լիազորությունների իրականացման համար՝ կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով անհրաժեշտ պայմաններ, տարածք և նյութատեխնիկական միջոցներ տրամադրելը։