Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

ԱԱՏՄ-ն աշխատանքային վեճերը լուծում է առանց դատարան մտնելու

Համակերպվելու փոխարեն պայքարի՛ր․ ԱԱՏՄ-ն աշխատանքային վեճերը լուծում է առանց դատարան մտնելու



Միայն վերջին 4 տարիների ընթացքում 3000-ից ավելի ՀՀ քաղաքացի հետամուտ է եղել իր խախտված աշխատանքային իրավունքների վերականգնմանը՝ դիմելով 2018-ից գործող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Կառույցի տվյալներով՝ քաղաքացիները հիմնականում դիմում են աշխատանքից ազատվելուց հետո: Հարուցված 3000-ից ավելի վարչական վարույթների 60-70 տոկոսը դրական լուծում է ստացել:


Դիմում-բողոքները տարաբնույթ են՝ Աշխատանքային օրենսգրքի ամենատարբեր նորմերին վերաբերող խախտումներով: Միայն 2021 թվականի 11 ամիսների ընթացքում աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցվել է 437 վարչական վարույթ, որից 254-ը՝ հենց դիմումների հիման վրա, դրանցից 251-ը վերաբերում է աշխատանքային օրենսդրության խախտումներին, 3-ը՝ աշխատողների առողջության պահպանմանը և անվտանգության ապահովմանը: Եթե նախկինում իրավունքների վերականգնման համար երկար ու ձիգ դատական քաշքշուկների միջով պետք է անցնեինք, ապա 2021 թվականի հուլիսից խնդրահարույց իրավիճակների լուծման իրավասություն տրվեց նաև տեսչական մարմնին: Արդյունքում՝ անհամեմատ կարճ ժամանակահատվածում, առանց ավելորդ ջանքերի ու նյարդերի, աշխատանքային վեճերը կարգավորվում են։ Տեսչական մարմնի գործառույթների ընդլայնումից ի վեր, նախորդ տարվա նոյեմբերի դրությամբ, ստացվել է շուրջ 60 դիմում-բողոք, իսկ այս տարի՝ արդեն 254։ Գերակշիռ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։


Այս պահին էլ 23 վարույթ ընթացքի մեջ է: Տեսուչների 2 հոգանոց խմբերը գնում են բողոքների հետքերով, տեղում կատարում զննումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պատճենահանում ու իրենց հետ վերցնում անհրաժեշտ փաստաթղթերը՝ ուսումնասիրությունները շարունակելու համար։ Հաջորդիվ արդեն տեսչական մարմնում կողմերի մասնակցությամբ լսումներ են անցկացվում ու որոշում է կայացվում։ Իհարկե, զննման գործընթացը միշտ չէ, որ հարթ է անցնում, տեսուչները հաճախ դիմադրության են արժանանում, ստիպված լինում աշխատել խեթ հայացքների ու կոշտ վերաբերմունքի պայմաններում: «Աշխատանքի արդյունքում հաջողված բազմաթիվ դեպքեր ունենք, երբ հարցը լուծվել է արտադատարանական կարգով»,- ասում են տեսուչները։ Աշխատանքային իրավունքների ապահովումից բացի՝ տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչությունը մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր գործառույթ ևս ունի՝ աշխատողների անվտանգության ապահովումը: Տեսուչերը շրջում են շինհրապարակներում ու արձանագրում տեսածը։ Մայրաքաղաքում շինարարական գրեթե բոլոր հրապարակներում, ըստ տեսուչների, խնդիրները նույնատիպ են։ Տեսուչներն արձանագրում են խախտումները, կառուցապատողին նախազգուշացում են տալիս թերությունները վերացնելու համար։


Խախտումների համար վարչական պատասխանատվություն է սահմանվում՝ նախազգուշացումից մինչև տուգանք, որի չափը տատանվում է 40-ից մինչև 200․000 դրամի սահմաններում։ Օրինակ, առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ 50․000 դրամի չափով։ Ցածր շեմն օրենքը շրջանցելու լայն հնարավորություն է տալիս։ Ստացվում է՝ միջին աշխատավարձով մեկ աշխատողի ընդամենը մեկ ամսվա եկամտահարկի չափով տուգանք մուծելով՝ գործատուն կարող է շարունակել թաքցնել իրական աշխատողների թիվը։ Մասնագետները նաև օրենսդրական մեկ այլ թերության մասին են բարձրաձայնում: Ստուգումների մասին օրենքի 3-րդ հոդվածով, որը սահմանում է ստուգումների նպատակն ու անցկացման կարգը, պարտադիր է զննումներից 3 օր առաջ տեղեկացնել տնտեսվարողին։ Արդյունքում, խախտումների բացահայտումն արդեն դժվարանում է, քանի որ որոշ դեպքերում գործատուն հնարավորություն է ստանում թաքցնել դրանք։ Տեսչական մարմնի 2021 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված է 48 տնտեսվարող սուբյեկտ, տեսչական մարմինը հրապարակել է 28 հանձնարարագիր, ավարտել է 20 թեմատիկ ստուգում, 16-ի արդյունքում կազմվել է ստուգման ակտ և տրվել 16 կարգադրագիր՝ խախտումների և թերությունների վերացման մասին։ Ի դեպ, տեսչական մարմինը, հիմնավոր կասկածների դեպքում, նաև իր նախաձեռնությամբ է վարույթ հարուցում:


Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/453233.html?fbclid=IwAR0nYwNJyM92YNDnP_vfDa-f5fB0XOlOsnJbQQvr3SRwSLlQnyXDuXa6lqs 


Միացեք մեզ