Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Չպաշտպանված մայրություն. Առկա խնդիրներ և լուծումներ

Չպաշտպանված մայրություն. Առկա խնդիրներ և լուծումներ


«Ամուսնացա՞ծ եք», «Պլանավորո՞ւմ եք ամուսնանալ», «Երեխաներ ունե՞ք», «Պլանավորո՞ւմ եք երեխա ունենալ» – այս չորս, խտրական հարցերի պատասխաններից է կախված, գործատուն կընդունի արդյո՞ք աշխատանքի համար դիմած կնոջը, թե ոչ։ Այս չորս արտահայտությունների հիմքում հարկ վճարելուց հետո հաջորդ մեծ գլխացավանքն է, որից վերջիններս խուսափում են եւ խուսափում են հաջողությամբ․ մայրության խնամքի արձակուրդ, մանկահասակ երեխա ունեցող աշխատող մոր աշխատանքային իրավունքների պահպանման պարտավորություն։ Եվ քանի որ հանրությունն ավելի իրազեկ է իրեն վերաբերող աշխատանքային իրավունքների ֆինանսական բաղադրիչից, օրենսդրական մյուս ոչ պակաս կարեւոր կարգավորումները փոքրահասակ երեխա ունեցող ծնողների իրավունքների մասով ոտնահարվում են։ 

«Վճարողը միշտ ճիշտ է» թեւավոր ու նաեւ միֆական արտահայտությունը մեզանում արմատացած է այնքանով, որ այդ կարգավորումների մասին իրազեկվածներս էլ երբեմն խուսափում ենք առճակատման գնալ՝ աշխատանքը կորցնելու վախից։ Սա հետևանք է նախ աշխատանքի շուկայի բացակայության, արհմիությունների չգործությամբ և նաև մեր վախերի: Մենք վախենում ենք պայքարել ինքներս մեր իրավունքի համար: Այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, վայրի կապիտալիզմը սրբում տանում է ամեն ինչ:

            Քանի՞ ծնող գիտի, որ ծննդաբերելուց երեք–չորս ամիս հետո աշխատանքի վերադառնալիս ինքն ունի արտոնյալ իրավունքներ, որպես կերակրող մայր, որպես իր անմիջական խնամքի կարիք ունեցող երեխայի ծնող։ Քանի՞սս գիտենք, որ երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, ԲԱՑԻ հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ, եւ այդ ընդմիջումների համար պետք է վարձատրվի միջին ժամային աշխատավարձի չափով: (Աշխատանքային օրենսգիրք, 258-րդ հոդվածում, 5–րդ մաս)։

Քանի՞ ծնող է աշխատանքից ազատման դիմում ներակայացրել երեխայի խնամքի պատճառով, քանի՞ ծնողի է առաջարկվել աշխատանքից հեռանալ արտաժամյա աշխատանքից հրաժարվելու համար, որովհետեւ երեխա ունի իր խնամքի տակ, քանի՞ ծնողի են հանդուրժել խեթ հայացքների ներքո ճիշտ աշխատանքային ժամի ավարտին տուն գնալու համար։ Վիճակագրությունն այս մասին համեստորեն լռում է։ Իսկ պատասխանն ավելի, քան ցինիկ է՝ «չես ուզում մի աշխատիր, ցանկացողները լիքն են»։ 

Առհասարակ, քանի՞սս ենք ուշադիր ընթերցել Աշխատանքային օրենսգրքի, թվում է թե, ամենապաշտպանված հոդվածը՝ Մայրության պաշտպանության մասին հոդվածը։ Շատերս։ Բայց քչերս ենք դրանից օգտվում հենց այն տեսքով, որով ամրագրված է օրենքում: Ու նորից, սոցիալական խնդիրների պակաս չունեցող երկրում հասարակությունն ավելի իրազեկված է իր իրավունքների ֆինանսական բաղադրիչից, իսկ կարեւորագույն բաղադրիչները, որ միտված են չկտրելու նորածին երեխային մորից, միտված են երջանիկ հանրության ձեւավորմանը, շատերիս կողմից անտեսվում են, ինչից օգտվում են գործատուները։ 

Պետությունը մի կողմից հայտարարում է, որ խթանում է դեմոգրաֆիական ցուցանիշների բարելավմանը՝ առաջարկելով յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար ավելի բարձր ֆինանսական աջակցություն, բայց մյուս կողմից նույն պետությունը չի կարողանում պաշտպանել աշխատող մայրերի իրավունքները: Պետությունը կարող է եռապատկել, անգամ քառապատկել այս աջակցությունը, բայց աշխատանքի վերադարձող ծնողը միևնույն է բախվել է, բախվում է եւ բախվելու է այս խնդրին, քանի դեռ «վճարողը միշտ ճիշտ է, վճարողը զորավոր է» միտքը մեր գլուխներում ծլարձակում է աշխատանքը կորցնելու վախի քողի տակ։ Ֆինանսական աջակցությունը սպառվելու միտում ունեցող հատվածային լուծում է, որը, այո, շատ կարեւոր է, բայց երբ խոսում ենք երջանիկ անհատ համատեքստում, նորածին երեխան ամենաանպաշտպան մարդն է, ով առաջնային իրեն կերակրող ու խնամող մոր կարիքն ունի։

Այս բոլոր հարցադրումներին միշտ կան այլընտրանքային լուծում–առաջարկներ․ դայակների մասին իրավակարգավորումները, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող ծնողների ամենամսյա նպաստների տրամադրումը, նախադպրոցական կրթական հաստատությունների երկարօրյա վճարովի ծառայությունները, սակայն այդ ամենը հատվածական լուծումներ են և ամբողջապես իրավիճակը չի փոխվում: Հենց այս կիսատ-պռատ, ոչ արմատական լուծումներն են, որ խաթարում են նորածին ունեցող մոր և երեխայի կյանքը: Մի կողմից ապրելու հնար ստեղծելն է, մյուս կողմից՝ զավակը:

Մինչեւ երկու տարեկան երեխա ունեցող ծնողների ամենամսյա նպաստների տրամադրումը՝ որպես ֆինանսական աջակցություն արձակուրդում գտնվող ծնողի համար, իհարկե, անհրաժեշտ է եւ պետք է լինի։ Խնամքի նպաստը նախկին 18000 դրամի փոխարեն դարձել է 26.500 դրամ։ Այս գումարը պետությունը տրամադրում է բացառապես երեխայի խնամքի համար։ Եթե մի կողմ դնենք այն հանգամանքը, որ անգամ միայն երեխայի խնամքի համար այս գումարը բավարար չէ (այդ գումարը կարող է բավականացնել միայն երեխայի տակդիրների համար, իսկ մանկան ծախսերը անգամներ շատ են), ու կան ընտանիքներ, որոնց անդամները չունեն մշտական զբաղվածություն կամ երեխան միայնակ մոր հոգածության տակ է, ապա ստացվում է, որ այդ ֆինանսական աջակցությունն ըստ էության չի ծառայում բուն նպատակին, քանի որ նույնիսկ այս գումարը չի օգտագործվելու միայն երեխայի խնամքի համար։ Սրվող սոցիալական խնդիրները սրում են նաեւ հոգեբանական խնդիրներ, որոնք որպես կանոն արտացոլվում են ընտանեկան հարաբերություններում՝ հետք թողնելով առողջ միջավայրում երեխայի զարգանալու վրա։ 

Դեմոգրաֆիական բարելավմանն ուղղված եւս մեկ առաջարկ է մինչեւ երեք տարեկան երեխաների նախադպրոցական կրթական երկարօրյա վճարովի ծառայությունների տրամադրումը, որը հնարավորություն կտա հատկապես աշխատող ծնողին վերադառնալ իր բնականոն աշխատանքի։ Առաջին հայացքից կարեւոր այս առաջարկով, սակայն, ոչ միայն ավելացվում է ծնողի ֆինանսական բեռը, այլ նաեւ ծնողին փոխարինելու են գալիս կրթական/զարգացման/խնամքի հաստատությունները՝ երեխային այնտեղ պահելով նախատեսված 8 ժամի փոխարեն 11-12 ժամ։  

Ստացվում է, եթե ընտանիքը հասարակության առանցքն է, ապա գործատուն պետության համար տնտեսական կարեւորագույն բաղադրիչն է այնքանով, որ անգամ գործող իրավակարգավորումները շրջանցելով հանդերձ, անձեռնմխելի է, եւ գուցե սա է պատճառը, որ հիմնականում ֆինանսական բաղադրիչ պարունակող աջակցությունները կրում են կարճաժամկետ բնույթ, եւ, որպես կանոն, խորապես միտված չեն երջանիկ անհատի սկբզբնավորմանն ու կայացմանը։ 

Այսպիսով, պետության ժողովրդագրական եւ սոցիալական քաղաքականությունը, որն իրականացվում է մի քանի գործիքակազմով՝ յուրաքանչյուր ծնված երեխայի համար միանվագ դրամական աջակցություն, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի բարձրացում, դայակների աշխատավարձի փոխհատուցում, նախադպրոցական երկարօրյա կրթություն, աշխատանքի վերադարձող ծնողի խնդրին տալիս են միայն հատվածային լուծումներ, այնինչ ցանկալի է, որ պետությունն իր քաղաքականությունն իրականացներ խնդրի սոցիալական–ֆինանսական–հոգեբանական բոլոր գործոնները ներառող մեկ ամբողջական փաթեթով՝ գնահատելով խնդրակազմում առկա բոլոր դերակատարներին՝ առանցքում պահելով մանկահասակ երեխայի մոր առանձնահատուկ կարգավիճակն ու իրավունքները։ Որովհետեւ անգամ գործող կարգավորումը վերջիններիս փաստորեն չի պաշտպանում։  

Կարող եմ ներկայացնել մի քանի առաջարկ, որոնք հնարավոր է արմատական լուծումներ տան ստեղծված իրավիճակին: 


  1. Բոլոր գործատուներն էլ հրաժարվելու են աշխատանքի ընդունել մանկահասակ երեխա ունեցող մայրիկներին: Իրենք իրենց ազատում են այսպես կոչված գլխացավանքից: Ընդունվում է օրենք և բոլոր այն գործատուները, որոնք աշխատանքի են վերցնում մանկահասկ երեխաների մայրիկներին, կամ հղի կանանց և խտրական վերաբերմունք չեն ցուցաբերում, նրանց տրվում է հարկային որոշակի արտոնություններ: Այս կերպ պետությունը խթանում է, որ գործատուները աշխատանքի վերցնեն նաև թրախային խմբում գտնվող կանանց: Իհարկե այս կերպ հարցն ամբողջական չի կարող լուծվել, սակայն դա միջոցներից մեկը կարող է լինել:
  2. Կորոնավիրուսային ժամանակահատվածում ավելի զարգացավ հեռավար աշխատանքի ինստիտուտը: Բոլոր այն ընկերությունները, որոնք հնարավորություն ունեն իրենց աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռավար, այս խմբի կանանց համար կարող են ստեղծել պայմաններ՝ աշխատել տանից և խնամել երեխային: 
  3. Ամենակարևոր և 3-րդ հանգամանքը արհմիությունների մասին օրենքն է: Աշխարհի բոլոր տնտեսապես զարգացած երկրներում, աշխատաշուկայի իմունիտետը արհմիությունն է: Հայաստանում այն կա միայն թղթի վրա և չի գործում: Պետք է օր առաջ կարգավորել արհմիությունների աշխատանքն ու այն պետք է դառնա կենսական և կարգավորող մարմին: Առանց այս ինստիտուտի հզորացման, Հայաստանում երբեք աշխատողը պաշտպանված լինել չի կարող: