Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Կիսատ աշխատավարձ, արձակուրդ՝ թղթի վրա․ ինչ խնդիրների են բախվում աշխատողները Հայաստանում


Աշխատավայրում գերծանրաբեռնվածություն, անհամապատասխան աշխատավարձ, արտաժամյա աշխատանքի համար վարձատրության բացակայություն, հանգստի ժամանակի խախտումներ․ սրանք ամենատարածված խնդիրներն են, որոնք նշել են քաղաքացիները՝ «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ—ի կողմից Հայաստանի ամբողջ տարածքում վերջի ամիսներին իրականացրած հարցումների ժամանակ։

18-ամյա Իվետան աշխատանքի է ընդունվել Երևանի շոկոլադի գործարանում՝ որպես փաթեթավորող։ Բարձր աշխատավարձի ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման վերաբերյալ խոստումները, սակայն, այդպես էլ մնացել են օդում կախված։ «Մոտեցա, խոսեցի այնտեղի կադրերի պատասխանատուի օգնականի հետ, ինձ ասացին, որ 160 հազար դրամ աշխատավարձ է, բացի այդ՝ օրական 2000 դրամ՝ տաքսու գումար։ Ես էլ աշխատանքից ոգևորված պատրաստակամություն հայտնեցի»,- Factor TV-ի հետ զրույցում պատմեց Իվետան։ 8 օր անց, սակայն, պարզվել է, որ աշխատատեղը պետք է փակվի։ Արդեն հաջորդ ամիս ստացած աշխատավարձի չափը զարմացրել է ոչ միայն իրեն, այլև մյուս գործընկերներին։ «Մեզ տվեցին 7 օրվա համար շատ քիչ աշխատավարձ՝ 29 հազար 750 դրամ, տաքսու գումար ընդհանրապես չեն տվել»,- նշեց Իվետան։ Աշխատանքը եղել է գիշերային ժամերին։ Նշում է՝ 3 երթուղային է փոխել աշխատանքի հասնելու համար, հետադարձն էլ՝ գիշերվա ժամը 3-ին, գործընկերների հետ տաքսի են պատվիրել։ Աշխատավարձը ստանալուց հետո դիմել է գործարանի կադրերի բաժնի պատասխանատուներին՝ փորձելով պարզաբանում ստանալ, սակայն ապարդյուն։ «Ես իմ փաստաթղթերն ամեն օր տանում-բերում էի, հարցնում էի՝ երբ պետք է գրանցեք, իրենք ասում էին՝ կադրերի բաժինը պիտի անի, այստեղ չեբ: Տանում-բերում էին, ինչ-որ բաներ էին հորինում։ Ոմանց գրանցել են շատ վաղուց, երբ նրանք նոր էին աշխատանքի ընդունվել, ոմանց էլ չեն գրանցել»,- նշեց նա։

Իվետան որոշել է պաշտպանել իր իրավունքները․ արդեն դիմել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին։ Դիմումը ներկայացրել է առցանց՝ կայքի միջոցով, սպասում է պատասխանի։ Factor TV-ն կապ հաստատեց Երևանի շոկոլադի գործարանի տնօրինության հետ՝ պարզաբանում ստանալու։ Ըստ գործարանի ներկայացուցչի՝ աշխատավարձը գործարքային է․ ինչքան աշխատել է, այդքան էլ վարձատրվել է։ Հարցին՝ ինչո՞ւ նախապես դա չի ասվել և այլ գումար է խոստացվել, գործարանի ներկայացուցիչը պատասխանեց․ «Նախ՝ մենք, որ գրում ենք որոշակի թիվ, այս շրջանակներում է լինելու, դա այն թիվն է, որը ձևավորվում է միջին-միջինից բարձր աշխատանք անելու դեպքում։ Ինքը, գուցե, շատ վատ է աշխատել, դանդաղ է աշխատել․․․ Այդ նախատոնական պիկը, երբ մենք ունեցել ենք, գիշերային հերթափոխ ենք սկսել աշխատացնել, հետո դա փակվել է»:

Մեկ այլ քաղաքացի, որը չցանկացավ իր անունը հրապարակել, արդեն 12 տարի է՝ աշխատում է «Արմոբիլ» անվտանգության ծառայության ընկերությունում։ Պնդում է՝ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, բայց երևէ արձակուրդ չի ունեցել։ «Գնում ենք իրենց մոտ, թուղթը տալիս են արագ, չես հասցնում կարդաս, ստորագրում ես, և այդ ժամանակ գումարը քարտին չի նստում արդեն, այնտեղ ես ստանում։ Այսինքն՝ իրենք փաստաթղթերով ցույց են տալիս, որ ես արձակուրդ եմ, բայց իրականում՝ ոչ»,- ասաց քաղաքացին։ Ընկերության աշխատակիցը նշում է՝ այսքան տարի առանց արձակուրդի աշխատելը չի կարող չազդել աշխատունակության վրա։ Արձակուրդի ձևակերպման, բայց փաստացի չտրամադրման դեպքերը բազմաթիվ են, նշում է հետազոտության հեղինակ, փորձագետ Տաթևիկ Ջհանյանը։ Հարցման պահին աշխատանք չունեցողների ամենամյա արձակուրդի իրավունքն ավելի հաճախ է խախտվել, քան աշխատանք ունեցողներինը։ Աշխատանք ունեցողների մոտ 1/3-ը չի ունեցել վճարովի արձակուրդ, իսկ աշխատանք չունեցողների 2/3-ը նախորդ աշխատավայրում չի ունեցել վճարովի արձակուրդ։ Փորձագետի խոսքով, սակայն, ամենատարածված խնդիրը, այնուամենայնիվ, մնում է չգրանցված աշխատողների հարցը։ Ըստ հետազոտության՝ հարցվածների 17%-ն աշխատում է առանց որևէ պայմանագրի։ Հաշվի առնելով, որ այդ պահին աշխատողները, գուցե, խուսափեն խոսել աշխատանքային պայմանագիր չունենալու մասին, ներկայացնենք մեկ այլ վիճակագրություն։ Երևանում աշխատանք չունեցող հարցվողների 44%-ը, իսկ մարզային քաղաքներում՝ 52%-ը չեն ունեցել աշխատանքային հարաբերությունների ձևակերպման որևէ գրավոր փաստաթուղթ նախկին գործատուների հետ։ Ինչպես երևում է թվերից՝ մարզերում նման մարդկանց թիվը 8%-ով ավելին է։ Մանրամասները՝ տեսանյութում։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/467249.html?fbclid=IwAR085WlRh261YT6ndYqEHdcJ1DtiX5IlV2Qr0EEQvm0pxy9_y9vMqJDrIFo