Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության ու նշանակման նոր կարգը

2023-ի փետրվարի 9-ի Կառավարության 181-Ն որոշմամբ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատաության տնօրենի ընտրության ու նշանակման նոր կարգը։


  • Ի՞նչ ունեինք նախկինում


Մինչև կառավարության նոր որոշումն ու նոր չափորոշիչները, գործում էր դեռ 2010-ին ընդունված կարգը։

Ըստ դրա՝ տնօրենն ընտրվում էր կառավարման խորհրդի կողմից։ Խորհրդի եզրակացության հիմքով տնօրենին նշանակում էր լիազոր մարմինը (մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)։ Կառավարման խորհրդի կազմում մանկավարժներ էին, ծնողներ, ներկայացուցիչներ լիազոր մարմնից, համայնքից, նախարարությունից։


Տնօրենի թեկնածուն ներկայացնում էր զարգացման ծրագիր, որը լսում և գնահատում էր կառավարման խորհուրդը և, ըստ արդյունքների, ներկայացնում էր տնօրենի թեկնածուին լիազոր մարմնի հաստատմանը։ Բայց լինում էին իրավիճակներ, որ տնօրենին գնահատող խորհուրդներն ու դրա անդամները պատկերացում չէին ունենում ինչ է դպրոցի զարգացման ծրագիրն ու ինչ պետք է անի տնօրենի թեկնածուն այդ ծրագրով։ Արդյունքում տնօրեն կարող էին դառնալ ոչ թե դպրոցի զարգացման ծրագիրը պատկերացնող, ներկայացնող ու իրականացնել ունակները, այլ անձինք որոնք կարող էին մտերիմ հարաբերություններ ունենալ կառավարման խորհուրդների հետ։


  • Ի՞նչ է իրենից ներկայացնում նոր կարգը


Տնօրենների ընտրության նոր կարգով ընտրությունը կայացվում է զարգացման ծրագրերի՝ փորձաքննության արդյունքում գրանցված եզրակացության հիման վրա։ Նախարարությունում ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով (կազմում՝ նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալը, երկու ներկայացուցիչ նախարարության հանրակրթության վարչությունից, մեկական ներկայացուցիչներ՝ անձնակազմի կառավարման և իրավաբանական վարչություններից, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամից և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ից)։ Հանձնաժողովը համապատասխան լիազոր մարմիններից ստանում է զարգացման ծրագրերը, դրանք փոխանցվում են նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթած երկու կազմակերպություններից որևէ մեկին։


  • Որո՞նք են զարգացման ծրագրի չափորոշիները։ Հիշեցնենք, որ  Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝


1) իրավիճակի վերլուծություն,


2) նպատակների և խնդիրների սահմանում,


3) սահմանված նպատակների իրականացումը ապահովելու գործողությունների և միջոցառումների հաջորդականությունն ու ժամանակացույցը,


4) պատասխանատուները,


5) արդյունքների գնահատման չափանիշները,


6) ռիսկերը,


7) բյուջեն,


8) վերահսկողության մեխանիզմները:


3. Ծրագրի մշակման պարտադիր քայլերն են՝


1) հաստատության առաքելության սահմանումը,


2) առկա իրավիճակի վերլուծությունը,


3) դպրոցի ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը,


4) հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը,


5) գործունեության ոլորտների և նրանցում առկա հիմնախնդիրների վերլուծությունը և նպատակների սահմանումը,


6) յուրաքանչյուր նպատակի խնդիրների սահմանումը,


7) յուրաքանչյուր խնդրի իրականացման գործողությունների, դրանց պատասխանատուների, ժամկետների, ակնկալվող արդյունքների սահմանումը,


8) զարգացման ծրագրի ֆինանսավորման մեխանիզմների սահմանումը,


9) զարգացման ծրագրի իրականացման ռիսկերի ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունների սահմանումը,


10) զարգացման ծրագրի մշտադիտարկման, վերահսկողության մեխանիզմների, ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման ցուցանիշների ձևակերպումը,


  • Համաձայն նախարարության որոշման, զարգացման ծրագրերի գնահատման դրամաշնորհային մրցույթում հաղթել են երկու կազմակերպություն՝ Ա. «Կրթություն և համերաշխություն» արհիմությունն ու «Մասնակցային դպրոց» հիմնադրամը։


Այսպիսով՝ նախարարության կողմից լիազորված վերոնշյալ կազմակերպություններն են գնահատում և քննում դպրոցի տնօրենի թեկնածուի տրամադրած դպրոցի զարգացման ծրագրերը՝ ըստ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված չափորոշիչների ու գնահատման սանդղակի։


Դպրոցի տնօրենի թեկնածուները կարող ենք անսահմանափակ կերպով մասնակցել մրցույթին, նույնիսկ մի քանի մերժում ստանալուց և կտրվելուց հետո։



«Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը կառավարության հայտարարած դրամաշնորհային մրցույթը հաղթած փորձագիտական խմբերից մեկի ղեկավարն է։ Ըստ նրա, իրենց փորձագիտական խումբը բազմաթիվ խնդիրների և նույնիսկ զավեշտալի դեպքերի է հանդիպել՝ գնահատման ընթացքում։


«Մենք ունենք դեպք, երբ տնօրենի թեկնածուն լրիվ ուրիշ դպրոցի ծրագիր էր copy արել, դրել իր ծրագրի մեջ՝ մոռանալով ուղղել դպրոցի համարը։ Պայմանական՝ ինքը 100-րդ դպրոցի հավակնորդն էր, 50-րդի ծրագիրը copy էր արել, դրել՝ մոռանալով համարն ուղղել»։


  • Ըստ նախարարության տվյալների՝ «փորձագիտական երկու խմբերը միասին նախորդ 5 ամիսներին 170 ծրագիր են քննել։ 170-ից հավանության է արժանացել 15-ը»։


2023-ին տնօրեն ընտրվելու է հանրապետության 170 դպրոցում։ Ըստ Վահրամ Թոքմաջյանի «հանրակրթության ոլորտի բարեփոխումները բարդ են տրվում․ ամեն կառավարություն կրթական գաղափարախոսությունը սեփական ճաշակով է ընտրում, արդյունքում՝ դրանք սկսում են տրամաբանորեն հակասել իրար։ Չափորոշիչները բավական հստակ են, սուբյեկտիվության գործոն չի կարող չլինել, մենք փորձում ենք պահել առավելագույն օբյեկտիվությունը։ Իհարկե՝ միջնորդությունների փորձեր էլ կան»։



Ամփոփելով նշենք, որ նոր կարգով ընտրված տնօրենները կպաշտոնավարեն 5 տարի։ 2028-ից կգործի տնօրենների ատեստավորման կարգը։ Դրանով գործող տնօրենների աշխատանքային պայմանագրերի ժամկետը լրանալուց հետո նոր մրցույթի փոխարեն կիրականացվի ատեստավորում։ Դրական արդյունքի դեպքում այս տարիներին ընտրված տնօրենները կշարունակեն պաշտոնավարել։