Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Հարցազրույց - դիմում ԿԳՄՍ նախարարությանը

Երկրորդ կիսամյակում սովորողի մոտիվացիան ավելի մեծ է․ դիմել են ԿԳՄՍՆ-ին՝ վերանայելու որոշումը


«Կրթության և համերաշխության» արհեստակցական կազմակերպությունը գրավոր դիմել է ԿԳՄՍ նախարարությանը՝ առաջարկելով վերանայել նախարարության՝ երկրորդ կիսամյակը մինչև մարտի 13-ը նշանակված գնահատականներով փակելու որոշումը: 

Կրթության և համերաշխության արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը նշում է, որ արհմիության խորհուրդը բազմաթիվ բողոքներ է ստացել տարբեր մարզերի ու Երևանի ուսուցիչներից, որ վերջին օրերին նկատվում է հեռավար սովորողների թվի նվազում, ինչը, նրանց համոզմամբ, պայմանավորված է նախարարության որոշման հետ: Արհմիությունը նախարարությանը առաջարկում է թույլ տալ դասավանդողներին սովորողների նկատմամբ կիրառել հայեցողական մոտեցում, ներառելով հեռավար կրթության ժամանակ նշանակված գնահատականները: 


«Նախարարության առաջարկը, թե երկրորդ կիսամյակում գնահատական չունենալու դեպքում քառորդը փակել նախորդ կիսամյակի գնահատականով, օպտիմալ լուծում չէ, որովհետև ցանկացած դասավանդող կարող է հաստատել, որ երկրորդ կիսամյակում սովորողի մոտիվացիան ավելի մեծ է, սովորողների մի մասն էլ ցածր գնահատականը թողնում են երկրորդ կիսամյակում ուղղելու մտադրությամբ: Խնդիրն ունի բազմաթիվ կողմեր: Առաջացել են բազմաթիվ խնդիրներ նաև էլեկտրոնային մատյանների հետ: Այն կազմակերպությունները, որոնք որ պետք է այդ գործառույթը իրականացնեին, չնայած ամբողջ «փիառին», լավագույնս չեն իրականացրել: Օրինակ տողերը փախնում են, հնարավոր է մեկի գնահատականը մյուսին դրվի, մանր բաներ են, որոնք 21-րդ դարի տեխնոլոգիաների պարագայում ծիծաղելի է, որ կա: Այստեղ ոչ թե նախարարության խնդիրն է, այլ կրթության նախարարության ենթակայության տակ գտնվող այն կազմակերպությունների, որոնք կոչված էին այս պրոցեսը ինչ որ առումով կազմակերպելու: Մյուս խնդիրն այն է, որ նախարարությունը որևէ իրավական ակտ չի դրել հեռավար ուսուցման տակ, եթե իրավական ակտ չկա հեռավար ուսուցման, ուրեմն ընթացիկ գնահատումը պետք չէ փոխել: Աշխատաժամերի հետ կապված ևս պրոբլեմներ են առաջացել, մարդիկ առավոտից երեկո համակարգիչների առաջ նստած աշխատել են, աշխատանքի ծավալն է ավելացել սակայն աշխատավարձը չի ավելացել, և գումարած դրան՝ կոպիտ ձևով ներխուժել են մարդու անձնական տարածք՝ տուն, ընտանիք: Կրթութան նոր կիրառվող մոդելը պետք է ունենա համապատասխան վարձատրություն և իրավական հիմքեր»: 


Վահրամ Թոքմաջյանի կարծիքով՝ նախկինում էլ Հայաստանի կրթության համակարգից սոցիալական և ընտանեկան պայմանների պատճառով աշակերտների մոտ 7 տոկոսը դուրս էր մնում սակայն մնացած 93 տոկոսը գնահատվել են:

 «Մենք այդ խնդրի վերաբերյալ լուծում ենք առաջարկում, որ որպեսզի լրացուցիչ հեռավար կամ սահմանված բոլոր նորմերը պահպանելով՝ ուսուցում կազմակերպենք, կարող ենք բաց թողնվածը լրացնել նաև ամռան ամիսներին: Ունենք նաև տառաճանաչության և անգրագիտության խնդիր, որն այս կերպ հնարավոր է լուծել: Պետք է համագործակցություն լինի պետության հետ, եթե կառավարությունը այդ միջոցները չունի, մենք մեր կապերի միջոցով կփորձենք տարբեր ֆոնդերից գումարներ հայթայթել, որ կարողանանք ուսուցիչներ ներգրավվենք»: 


«Ա1+» -ի դիտարկմանը, թե հնարավոր է այս կերպ նախարարությունը փորձում է փոխել գնահատակենտրոն մշակույթը,Վահրամ Թոքմաջյանը պատասխանում է, դա մշակութային խնդիր է և միայն որոշումներով հնարավոր չէ փոխել.

«Ինչպե՞ս ես գնահատակենտրոն մոտեցումը փոխում, եթե դու ունես բուհում անվճար և վճարովի տեղ, ինչպե՞ս ես մոտեցումը փոխում, երբ դեռ կարմիր դիպլոմի «պռեստիժ» ես պահում: Հիմա լավ է, որ գործատուն չի նայում դիպլոմի միջուկին, նրան կարևոր է քո մասնագիտական որակն և հմտությունները, սա արդեն փոփոխության ձև է: Կամաց - կամաց հրաժարվում ենք նաև օժիտի մեջ դիպլոմ ունենալու մոլուցքից: Սա մշակութաբանական խնդիր է, որ մի որոշումով չի փոխվում»: 

Նշենք, որ օրեր առաջ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է նախադպրոցական կրթության մասին օրենքը, որն անդրադառնում է նախադպրոցական խնդիրներին և սկզբունքներին: Այս առթիվ Վահրամ Թոքմաջյանը ընդգծում է, որ օրենքը կարող է բազմաթիվ բացեր լրացնել․


«Նախկինում եթե միջնական կրթության մեջ կային հստակ չափորոշիչներ, ապա նախադպրոցական կրթության դեպքում այն չկար: Երեխաների մի մասը գնում էր համայնքային մանկապարտեզ, ժամանց անցկացնում, իսկ մեկ ուրիշի երեխան գնում էր քոլեջ, ի դեպ բարձր վճարով և այնտեղ երեխայի մանկությունը խլելով՝ սովորեցնում էին լեզուներ, տառեր, բազմապատկման աղյուսակ, և այստեղ խզվում էր կապը դպրոցի և նախադպրոցի միջև: Չկային պետական հայեցակարգեր, որոնք կկարգավորեին այդ խնդիրները, իսկ այս փոփոխությունները կկարգավորի, որպեսզի ում խելքը փչի մանկապարտեզ և զարգացման կենտրոն չբացի»:

Վահրամ Թոքմաջյանը ողջունում է ընդունելության մեկ քննություն թողնելու նախարարության որոշումը՝ Նշելով, որ իրենք ի սկզբանե հակված էին, որպեսզի 4,9 և12-րդ դասարաններում քննությունները հանվեն: Նա ընդգծում է, որ դեռևս բազմաթիվ հարցեր կան, որոնք համագործակցության արդյունքում պետք է փոփոխվեն: